Ողբամ զքեզ, հայոց աշխարհ. մնացել էր Դոն Պիպոն գնահատական տար կառավարությանը
Արթուր Ասատրյան, իսկ լայն շրջանակների կողմից առավել հայտնի որպես Դոն Պիպո: Վերջինս հայտնի է ոչ միայն որպես էջմիածնեցի հայտնի հեղինակություն, այլ նաև նրա անվան հետ կապված են մի շարք աղմկալի իրադարձություններ:
Մասնավորապես, անդրադառնանք 90-ականներին, իսկ ավելի կոնկրետ՝ 1993-94 թվականներին, երբ գեներալ Մանվել Գրիգորյանի հետ կոնֆլիկտի մեջ մտնելով և չկարողանալով հարթել իրավիճակը, նա լքել է Էջմիածինը և տեղափոխվել Մոսկվա: Սակայն, նրա՝ Մոսկվայում բնակվելը ևս երկար չի տևել, իսկ պատճառը կրկին նույնն էր՝ կոնֆլիկտը, իսկ այս անգամ այդ կոնֆլիկտը կապված էր ոչ ավել, ոչ պակաս հայազգի «օրենքով գող» և մեծ հեղինակություն Արմեն Կանևսկու (Արմեն Հարությունյանի) հետ, ով մահացել է 2010 թվականին: Այս կոնֆլիկտը ևս չի լուծվել և Դոն Պիպոյին ստիպել են լքել Մոսկվան:
Միայն Դեդ Հասանի մահից հետո, Պիպոն կարողացել է վերադառնալ Մոսկվա՝ այն էլ միջնորդությամբ: Միջնորդողը հանդիսացել է Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ դատախազության ներկայացուցիչ մեծահարուստ Կամո Ավակումյանը:
Սակայն Դոն Պիպոյի արկածներն այսքանով չեն ավարտվել: Մեկ տարի առաջ՝ Ամանորից առաջ ոստիկանությունը նրան զինաթափել էր: Ներկա պահին էլ Դոն Պիպոն շրջում է զրահապատ մեքենայով՝ շրջապատված զինված մոտոցիկլիստավորներով:
Արկածներով հայտնի Դոն Պիպոն նաև տեսակետ է արտահայտել նորընտիր վարչապետ Կարեն Կարապետյանի և ձևավորվող կառավարության մասին: Իսկ հայաստանյան մեդիադաշն էլ իրար հերթ չտալով տարածում է նրա խոսքերն ու գնահատականները: Դե, սովորական երևույթ է PR-վել ու չեղած բանից էլի ուշադրություն գրավել:
Այստեղ տեղին է հիշատակել մեծն պատմահայր Խորենացու խոսքերը. «Ողբամ զքեզ, հայոց աշխարհ...», իսկ այս պարագայում՝ թերևս կարելի է ասել. «Ողբամ զքեզ, հայոց աշխարհ, որ Դոն Պիպոն էր մնացել կարծիք հայտներ ու գնահատական տար կառավարությանը»: