«Էրեբունի-Երևան 2798»-ը այս տարի կանցկացվի հոկտեմբերի 8-ին՝ «Երևան՝ արևի քաղաք» կարգախոսով
«Էրեբունի-Երևան 2798» աշխատանքային խմբի համակարգող, փոխքաղաքապետ Արամ Սուքիասյանը Երևանի քաղաքապետարանում հրավիրված մամուլի ասուլիսին ներկայացրել է «Էրեբունի-Երևան 2798» տոնակատարության շրջանակում նախատեսված միջոցառումների ծրագիրը:
Խոսելով մշակութային ծրագրերի մասին` քաղաքապետի տեղակալն ընդգծել է, որ այս տարի «Էրեբունի-Երևան 2798» տոնակատարությունը, ի տարբերություն նախորդ տարիների, կանցկացվի մեկ օր՝ հոկտեմբերի 8-ին, «Երևան՝ արևի քաղաք» կարգախոսով:
Այս տարի ծրագրում չեն ներառվել տոնակատարության ծավալով ամենամեծ միջոցառումները՝ ավանդական դարձած Հանրապետության հրապարակի տոնական գալահամերգն ու Երևանի քաղաքապետարանի գլխավոր մասնաշենքի առջև անցկացվող տոնական շքերթը:
Երևանում գտնվող հյուրերի համար հիմնական բեմահարթակներում՝ հրապարակներում, զբոսայգիներում և բացօթյա այլ հատվածներում կկազմակերպվեն ավանդական դարձած բազմաժանր համերգային ծրագրեր՝ ռոքի, ջազի, դասական երաժշտության սիրահարների համար: Իսկ «Հանրապետության հրապարակ» մետրոյի կայարանի հարակից պուրակում (Խաչքարերի պուրակ) կտեղակայվի ազգային բեմահարթակը, ուր սկզբում հանդես կգան ազգային փոքրամասնություններն՝ իրենց էթնոմշակույթով, ապա հայկական ազգագրական երգի-պարի համույթները:
Այս տարի նախատեսված են բազմաթիվ անակնկալ ֆլեշմոբեր, որոնք կմեկնարկեն 14:00-ից՝ ամենատարբեր վայրերում և տարբեր ժամերի: Հոկտեմբերի 8-ին երթևեկությունը մայրաքաղաքում էապես չի դադարեցվի: Այս տարի ժամանակավորապես կփակվեն միայն Էրեբունի փողոցը և Աբովյան փողոցի մի հատվածը:
«Երևան՝ արևի քաղաք» կարգախոսին համապատասխան մայրաքաղաքն այս տարի կձևավորվի կարմիր և ծիրանագույն երանգներով, որոնք կխորհրդանշեն արևի ճառագայթները: