Գողությունը եկել է մարդկության հետ և մարդկության հետ էլ կհեռանա. Վահրամ Բաղդասարյանը` վարչապետի արած հայտարարության մասին (տեսանյութ)
Այսօր՝ սեպտեմբերի 26-ին, ԱԺ-ում ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը պատասխանելով լրագրողների այն հարցին, թե ՀՀ վարչապետն ասել էր, որ գողություններ են կատարվում, նա ասաց. «Այդ պրիմիտիվ գողությունների հետ կապված հայտարարություններին ես խնդրում եմ մի անձնավորեք, դա ընդհանուր այն մթնոլորտի մասին է, որ եղել է նման երևույթներ և վերջիններից հարկավոր է ձեռնպահ մնալ: Քանի որ այդտեղ ներկա էին նախարարները, պետք է դիմեր նախարարներին, եթե հանրությունը ներկա լիներ, կդիմեր հանրությանը»:
Այն հարցին, թե վարչապետի կողմից արված հայտարությունը, որ եղել է գողություն, արդյո՞ք չպետք է հանցագործության մասին հաղորդում ընդունվի, նա պատասխանեց, որ գողությունը եկել է մարդկության հետ և մարդկության հետ էլ կհեռանա:
«Վարչապետը կուսումնասիրի, երբ կհայտնաբերի, դրա հետևանքները դուք կտեսնեք: Ինքը հայտարարել է, պետք է նաև անի հետևություններ»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:
Այն հարցին, թե Հովիկ Աբրահամյանի ժամանակ նման դեպքեր եղել են, թե ոչ, նա ասաց, որ Հովիկ Աբրահամյանի ժամանակ ինչքան որ բացահայտումներ եղել են, դրանց բոլորին ընթացք են տրվել և համապատասխան պատկան մարմինները զբաղվել են այդ հարցերով: «Եթե կլինեն նաև նման դեպքեր, որոնք կհայտնաբերի նոր կառավարությունը, դրանց նույնպես ընթացք կտրվեն»,- պնդեց պատգամավորը:
Մանրամասները՝ տեսանյութում: