Ռուսաստանը կոչ է արել Թուրքիային չհարձակվել սիրիական ընդդիմության և քրդերի վրա
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Մոսկվան կոչ է անում Անկարային համաձայնեցնել իր ռազմական գործողությունները Սիրիայի իշխանությունների հետ և խուսափել սիրիական ընդդիմությանն ու քրդերին հարվածներ ուղղելուց: Այս մասին գրում է РИА «Новости»-ն:
«Կցանկանայինք կրկին ուշադրություն դարձնել միջազգային իրավունքի նորմերին հետևելու և ինքնիշխան պետության տարածքում ցանկացած ռազմական գործողության դեպքում այդ պետության կառավարության հետ համաձայնեցման անհրաժեշտության մասին»,- նշել է նա:
Զախարովան ընդգծել է, որ Ռուսաստանը կոչ է անում Թուրքիային «հատուկ կերպով վերաբերվել նպատակների ընտրությանը», ինչպես նաև «խուսափել ընդդիմության և էթնիկ խմբերի, այդ թվում` սիրիական քրդերի տեղակայման վայրերին հարվածներ հասցնելուց»:
Նա հավելել է, որ սա Ռուսաստանի հետևողական դիրքորոշումն է, որը հայտարարվել էր նաև ավելի վաղ: