Ուզբեկստանի նախագահը հոսպիտալացվել է
Ուզբեկստանի նախագահ Իսլամ Քարիմովը հոսպիտալացվել է և ստացիոնար բուժում է անցնում: Այս մասին գրում է «РИА Новости» լրատվական գործակալությունը՝ հղում տալով պետության կառավարության հաղորդագրությանը:
«Մասնագետների կարծիքով՝ բժշկական ամբողջ հետազոտությունը և դրան հաջորդող բուժումը որոշակի ժամանակ են պահանջում»,- նշվում է կառավարության հաղորդագրության մեջ, սակայն հիվանդության մանրամասների մասին տեղեկություն չի հաղորդվում:
Ինչպես գրում է «Фергана.ру»-ն, ոչ պաշտոնական տվյալներով, 78-ամյա նախագահը օգոստոսի 27-ի գիշերը կաթված է ստացել: Ինչպես հաղորդվում է, «արտասահմանից Տաշքենդ են ժամանել արդեն հեղինակավոր բժիշկներ, ովքեր նրան նախկինում բուժել են»:
Քարիմովը Ուզբեկստանի նախագահն է 1991 թվականից: