Սիրիայում քրդերը 30 զոհ ունեն Թուրքիայի ավիահարվածների արդյունքում
Թուրքիայի հրետանին և ռազմաօդային ուժերը կրակ են բացել սիրիական Ջարաբլուս քաղաքի մոտակա բնակելի երկու կետերի վրա, որի արդյունքում մահացել է 30 մարդ: Այս մասին հաղորդում է «Sputnik» գործակալությունը` հղում անելով քրդական զինված ուժերում իր աղբյուրին:
Ավելի վաղ Սիրիայի Ժողովրդավարական ուժերի քաղաքական խորհուրդը, որի հիմքում քրդերն են, հայտարարել էր, որ Բիր ալ-Քուսա գյուղում սպանվել է 15 մարդ: Գյուղը Ջարաբլուսից 13 կմ հեռավորության վրա է գտնվում:
«Կրակոցները երկու գյուղ են հասել` Բիր ալ-Քուսա և Սարիսաթ: Մահացածների մեծ մասն ավելի վաղ փախել էր Ամարնա գյուղից, որը շաբաթ օրը գրավել էին թուրքական բանակի աջակցությունն ստացած զինված ջոկատները»,-նշում է աղբյուրը:
Թուրքիայի բանակը օգոստոսի 24-ին սկսել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի անվան տակ հարձակումներ իրականացնել և կոտորել Սիրիայի քրդերին: Նշենք, որ Սիրիայի հյուսիսում գտնվող Ջարաբլուս քաղաքում գտնվող ահաբեկիչները ժամեր անց հեռացել են քաղաքից և հարվածների թիրախում են հայտնվել այդտեղ բնակվող քրդերը: