Հայաստանում ձերբակալված ՌԴ քաղաքացուն ԱՄՆ-ին արտահանձնելու դատը, հնարավոր է, տեղի ունենա օգոստոսի 29-ին
Երևանում զենքի ապօրինի առևտրի կասկածանքով ձերբակալված ՌԴ քաղաքացի Սերգեյ Միրոնովին ԱՄՆ-ին արտահանձնելու հարցի դատական քննությունը Հայաստանում կարող է տեղի ունենալ օգոստոսի 29-ին: Այս մասին «Россия 24»-ի եթերում հայտարարել է Միրոնովի փաստաբան Կարեն Ներսեսյանը:
«Հայաստանում դատարանը, հավանաբար երկուշաբթի օրը, կորոշի ԱՄՆ-ի իշխանություններին արտահանձնման օրինականությունն ու հիմնավորվածությունը և կվճռի` արտահանձնել Միրոնովին, թե` ոչ»,-նշել է փաստաբանը:
Ըստ նրա, Միրոնովին ձերբակալելիս ոչ մի փաստաթուղթ չեն ներկայացրել:
«Ձերբակալելին հայտարարել են, որ նա կասկածվում է զենքի, ինչ-որ տեխնոլոգիաների առևտրի կամ 50 հազար դոլար գումարի լվացման մեջ»,- հայտարարել է նա:
Ներսեսյանն ընդգծել է, որ ըստ Ինտերպոլի ռուսական բաժնի, իր պաշտպանյալը «ոչ մի հետախուզման մեջ երբեք չի եղել»:
Նշենք, որ Ռուսաստանի քաղաքացի, ՏՏ ոլորտի մասնագետ Միրոնովը, ում նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարված Միացյալ Նահանգների պահանջով, բերման է ենթարկվել «Զվարթնոց» օդանավակայանում: 30-ամյա ռուսաստանցուն ուղեկցող կինը տեղի ունեցածի մասին տեղյակ է պահել Հայաստանում ՌԴ դեսպանատանը:
Այս պահին 30-ամյա Միրոնովը հարցաքննվում է Հայաստանի ազգային անվտանգության ծառայության կողմից: