Արման Թաթոյանն Անդրիաս Ղուկասյանի առողջական վիճակի և նրա ազատ արձակման մասին (տեսանյութ)
Այսօր՝ օգոստոսի 25-ին, մինչ ընթանում էր ՀՀ կառավարության նիստը, կառավարության շենքի դիմաց կրկին քաղաքացիներ էին հավաքվել: Ինչպես նախորդ, այս հինգշաբթի ևս, նրանք իրենց բողոքի ձայնն էին բարձրացրել՝ պահանջելով իրենց խնդիրներին արագ լուծում տալ:
Նիստի ավարտից հետո, ՀՀ կառավարության շենքի դիմաց հավաքված մարդկանց մոտեցավ ՄԻՊ Արման Թաթոյանը: Լրագրողի հարցին կապված բանտարկյալների մասին, թե ինչ վիճակում են նրանք գտնվում, ինչո՞ւ Հովսեփ Խուրշուդյանին ազատ արձակեցին, իսկ Անդրիաս Ղուկասյանին և մնացածին ոչ, նա պատասխանեց.
«Ե՛վ Հովսեփ Խուրշուդյանի, և՛ Դավիթ Սանասարյանի ազատ արձակումը շատ կարևոր է, ես դա նշեցի հատուկ հայտարարությամբ, նշեցի նաև այն չափանիշները, որ կալանքի կիրառման հարցում, ընդհանրապես, իմ պատկերացմամբ պետք է գործադրվեր, բայց կոնկրետ գործերով, արդեն նաև Անդրիաս Ղուկասյանի հետ կապված, ես գնահատական տալու հնարավորություն չունեմ: Նա անընդհատ մեր հսկողության տակ է թե՛ հացադուլի հետ կապված, թե՛ առողջական վիճակի: Մենք այցելում ենք ոչ միայն նրան, այլ՝ ուսումնասիրում նաև բժշկական թղթերը, խոսում բժշկի հետ: Անդրիասը հարց էր բարձրացրել կապված ջրի հետ, դա էլ ենք քրեակատարողական վարչության հետ քննարկել և լուծել, որպեսզի սահմանափակումներ չլինեն: Այդ առումով խնդիր չառաջանա: Խցի հետ կապված դժգոհություն չէր ներկայացրել Անդրիաս Ղուկասյանը, բայց դա այն հարցերից է, որ իմ անմիջական հսկողության ներքո է, և ես ինքս եմ հարցրել, հանդիպել նրան: Մի քանի օր առաջ ենք հանդիպել, կայուն էր վիճակը, բայց արդեն ժամանակը եկել է և պետք է նորից այցելեն մեր աշխատակիցները»:
Մանրամասները՝ տեսանյութում: