Երևանում բողոքի ակցիան ցրելու ընթացքում տուժել են մի շարք լրատվամիջոցների ներկայացուցիչներ
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը, ՊՊԾ գնդի անվտանգության գոտին ճեղքել փորձող անձանց դեմ ոստիկանությունը հատուկ միջոցներ է կիրառել: Տեղի է ունեցել բախում, ինչի հետևանքով, ցավոք, տուժել են նաև լրատվամիջոցների ներկայացուցիչներ, ըստ նախնական տվյալների՝ կա վնասված տեխնիկա:
Տուժել են «Ազատություն» ռադիոկայանի լրագրողները, ՍիվիլՆեթի լրագրողը և օպերատորը, այրվածքներ է ստացել նաև Ա1+-ի թղթակիցը, ով այժմ, ըստ «Հրապարակ»-ի գտնվում է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցում:
Ինչպես գրում է News.am-ը, Սարի թաղում վիրավորվել են նաև «Առաջին լրատվական»-ի լրագրող Մարիամ Գրիգորյանն ու օպերատոր Դավիթ Հարությունյանը, ովքեր ևս «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցում:
Panorama.am-ի օպերատոր Հովիկ Գրիգորյանը տուժել է պայթուցիկից: Տուժել են նաև Lragir.am-ի օպերատորը, «Արմենիա» հեռուստաընկերության «Ժամը» լրատվականի թղթակից Աղվան Ասոյանը և օպերատոր Ալբերտ Գալստյանը, News.am-ի թղթակիցը, իսկ վերջինիս տեխնիկան վնասվել է:
Բախումների ընթացքում վիրավորվել է նաև Life-ի օպերատորը, ում մոտ ուժեղ արնահոսություն է սկսվել: