Ֆրանսիայի դատախազությունը պարզել է եկեղեցու վրա հարձակված ահաբեկիչներից մեկի ինքնությունը
Փարիզի դատախազ Ֆրանսուա Մոլենսը հաստատել է, որ պարզվել է Ռուան քաղաքի եկեղեցու վրա հարձակված ահաբեկիչներից մեկի ինքնությունը: Այս մասին հաղորդում է «Reuters» գործակալությունը:
Ըստ դատախազի, ինքնությունը պաշտոնապես հաստատվել է այն բանից հետո, երբ համեմատվել են նրա մատնահետքերը: Մոլենսը նշել է, որ հարձակվածներից մեկը եղել է 19-ամյա Ադել Կարմիշը:
Դատախազը պարզաբանել է, որ Կարմիշը հայտնի է եղել ֆրանսիական հատուկ ծառայություններին, քանի որ երկու անգամ փորձել է Սիրիա գնալ:
Երկրորդ անհաջող փորձից հետո Կարմիշին բաց են թողել, նրան հագցրել են էլեկտրոնային թևկապ և արգելել են տնից դուրս գալ ավելի քան մի քանի ժամով:
Ներկայումս շարունակվում են երկրորդ ահաբեկչի ինքնության պարզման աշխատանքները: