Թուրքագետը՝ Թուրքիա-Իսրայել հարաբերությունների և Թուրքիայի՝ ՌԴ-ից ներողություն խնդրելու փոխկապակցվածության մասին (տեսանյութ)
Այսօր՝ հունիսի 29-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը խոսեց Թուրքիայի կողմից Ռուսաստանից ներողություն խնդրելու, Թուրքիայի և Իսրայելի միջև հարաբերությունների կարգավորոման և տարածաշրջանում հնարավոր զարգացումների մասին:
Անդրանիկ Իսպիրյանի խոսքով՝ վերջին մի քանի օրվա մեջ տեղի ունեցածը համաշխարհային պատմության մեջ կանցնի որպես տարվա ամենաընդգծված իրադարձություն:
«Թուրքիայի նախագահի ներողությունը Վլադիմիր Պուտինից և Իսրայելի հետ այդ համաձայնագրի կնքումն ապացուցեց և փաստաթղթավորեց Թուրքիայի խայտառակ արտաքին քաղաքականության պարտությունը: Քանի որ, թե՛ Իսրայելի դեպքում, թե՛ Ռուսաստանի դեպքում, Էրդողանը կանգնած էր բավականին հեռու դիրքերում՝ հենց այդ մերձեցման քաղաքականության մեջ: Ռուսների դեպքում, օրեր առաջ նա կրկնեց, որ բացառված է որևէ ներողություն և որևէ փոխհատուցում: Սակայն, օրեր անց, ուղարկում են այդ ներողության նամակը»,- ասաց թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը:
Նրա պնդմամբ՝ Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորումը, այդ համաձայնագրի ստորագորումը և Ռուսաստանից ներողություն խնդրելը՝ փոխկապակցված են միմյանց հետ:
«Ռուսաստանը գնաց Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման այդ քայլին, որպեսզի հակազդի Իսրայելին, այսինքն՝ էներգետիկ նախագծերում իրեն հակարակորդ արդեն դարձած Իսրայելին: Քանի որ Թուրքիան վերջին շրջանում փորձում է իր կախվածությունը թուլացնել Ռուսաստանից և երկար ժամանակ Իսրայելի հետ բանակցություններ էր վարում գազն Իսրայելից դեպի Եվրոպա տեղափոխելու համար, և նաև խոսք է գնում միլիարդավոր դոլարների մասին: Իսրայելն իր հերթին Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելով փորձում է Ռուսաստանին կրկին հեռու պահել Թուրքիայի վրա ազդեցությունից: Իսրայելի այս հարաբերությունների կարգավորման հետևում կարելի է տեսնել ԱՄՆ-ին, որը ոչ ուղղակի, սակայն փորձում է Թուրքիային պահել վերահսկողության տակ, քանի որ Թուրքիան հայտնվել է մի այնպիսի իրավիճակում, որ իր համար արդեն կարևոր են թե՛ Ռուսաստանը, թե՛ Իսրայելը և նա ստիպված գնում է այդ քայլերին»,- նշեց թուրքագետը:
Մանրամասները՝ տեսանյութում
Տեսանյութը՝ շուտով