Իտալիայում ձերբակալվել է ամենաորոնվող մաֆիոզներից մեկը
Իտալիայում ձերբակալվել է ամենաորոնվող մաֆիոզներից մեկը՝ Էրնեստո Ֆացալարին, ով ավելի քան 20 տարի թաքնվել է օրենքից: Այս մասին հայտնում է «BBC»-ն:
46-ամյա Ֆացալարին ձերբակալվել է Կալաբրիա մարզում: 1999թ-ին նա դատապարտվել էր ցմահ ազատազրկման մի շարք հանցագործությունների համար, այդ թվում՝ սպանություն,սպանության փորձ, մաֆիայի հետ կապ:
Ոստիկանության տվյալներով՝ նա մտնում էր ամենաազդեցիկ մաֆիոզ խմբավորումներից մեկի՝ Նդրանգետայի ղեկավարների մեջ: Այդ խմբավորումը մեծամասամբ կանգնած է Եվրոպա կոկաին ներմուծելու հետևում:
Ֆացալարին ուժ չի գործադրել ձերբակալվելու ընթացքում: Այս մասին հայտնել են իշխանությունները: Ձերբակալման պահին նա կնոջ հետ է եղել:
Առաջին անգամ Ֆացարալին բանտից փախել է 1996թ-ին:
Իտալական կառավարությունը ողջունել է նրա ձերբակալման մասին լուրը: Վարչապետ Մաթեո Ռենցին թվիթթերյան իր էջում գրել է. «Շնորհակալություն դատավարներին և իրավապահ ուժերին»:
Ֆացալարին որոնվող մաֆիոզների թվում երկրորդն էր՝ Մատեո Մեսինա Դենարոյից՝ սիցիլիական մաֆիայի առաջնորդից հետո: