Փարիզն ու Բեռլինը Բրիտանիայի դուրս գալուց հետո ԵՄ-ում նախաձեռնությունն իրենց ձեռքը պետք է վերցնեն. Օլանդ
Ֆրանսիան և Գերմանիան ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու որոշումից հետո պետք է Միությունում իրենց վրա վերցնեն պատասխանատվությունն ու իրենց ձեռքը վերադարձնեն նախաձեռնությունը: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը: Այս մասին հաղորդում է «ТАСС»-ը:
«Մեզ դաշնակից ու բարեկամ երկիրը, որի հետ մեզ շատ բան է կապում, հայտարարել է, որ առանձնանում է մեր միությունից` Եվրոպական միությունից, որը, մեզ թվում էր, անբաժանելի և անքանդելի է: Ֆրանսիան և Գերմանիան պատասխանատու են, որպեսզի իրենց վրա վերցնեն նախաձեռնությունը, քանի որ մենք ցույց տվեցինք, որ պատերազմների սգից և սարսափներից հետո կարող ենք ամուր բարեկամություն վերակառուցել»,- նշել է Ֆրանսիայի նախագահը` ելույթ ունենալով Բուրգունդիայի Դեն լե-Պլյաս քաղաքում, որտեղ 1944 թ-ին գերմանական օկուպացիայի ժամանակ սպանվել էր 27 մարդ:
Այդ դեպքերի հիշողությունը Գերմանիայի և Ֆրանսիայի բարեկամությունն ամրապնդող սիմվոլներից մեկն է:
Ինչպես նշել է նախագահը, միայն եվրոպական միասնությունը կարող է լինել խաղաղության և բարիդրացիության երաշխիքը: