Բրիտանիայում կրկնակի հանրաքվե անցկացնելու մասին հանրագիրը ստորագրել է 2 միլիոն մարդ
ԵՄ-ին Մեծ Բրիտանիայի անդամության վերաբերյալ նոր հանրաքվեի անցկացման մասին հանրագիրը ստորագրել է արդեն 2 միլիոն մարդ: Հանրագրի հեղինակ Ուիլյամ Օլիվեր Հիլին պնդում է, որ պետության համար պատմական նշանակություն ունեցող հանրաքվեի ժամանակ մասնակցության տոկոսը չպետք է ցածր լինի 75-ից, եթե հաղթողների և պարտվողների միջև տոկոսային տարբերությունը 20 տոկոսից քիչ է: Մինչդեռ տեղի ունեցած հանրաքվեին մասնակցել է ընտրական իրավունք ունեցողների 72 տոկոսը: Այս մասին հաղորդում է «BBC»-ն:
Կրկնակի հանրաքվե անցկացնելու կողմնակիցների թիվը գնալով աճում է: Հանրագիրը, որը կարող են ստորագրել միայն Մեծ Բրիտանիայի քաղաքացիները կամ մշտական բնակություն ունեցող անձիք, հայտնվել է ուրբաթ օրը և արդեն հավաքել է 2 միլիոն ստորագրություն:
Խորհրդարանը պարտավոր է քննարկել ցանկացած հանրագիր, որը հավաքում է ավելի քան 100 հազար ստորագրություն: Իսկ Բրիտանիայի կառավարությունը պետք է անպայման պատասխանի այն հանրագրերին, որոնք հավաքում են ավելի քան 10 հազար ստորագրություն: