Հռոմի պապը հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին (լուսանկարներ)
Հռոմի պապն այսօր առավոտյան այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Սրբազան Քահանայապետին ուղեկցում են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ն, և բարձրաստիճան այլ պաշտոնյաներ: Ֆրանցիսկոս պապի խոսքով՝ Ցեղասպանությունն առաջինն էր նախորդ դարի աղետալի միջադեպերի շարքում: Նա բազմիցս իր ելույթներում անդրադարձել է Ցեղասպանության թեմային և որևէ անգամ չի ժխտել այն:
Ֆրանցիսկոս պապը գրառում կատարեց Ցեղասպանության ինստիտուտի պատվո այցելուների գրքում:
«Մենք այստեղ աղոթում ենք հայ ժողովրդի ողբերգության համար, և թող մարդկությունը գիտակցի սա և միշտ տարբերի չարը բարուց: Հայ ժողովրդի ողբերգության հիշողությունը թող մեր մեջ մնա, և հիշողությունն է, որ հետագայում կանխելու է նման ոճիրները»,-գրել է նա:
Պապը նաև այցելեց Հիշողությունների պուրակ և օրհնեց իր անունով տնկած եղևնին:
Ավելի վաղ հատնել էինք, որ Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի, Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ի և Կաթոլիկ եկեղեցու հրավերով հունիսի 24-ին Հայաստան այցելեց Հռոմի Ֆրանցիսկոս Պապը:
Առաջին քրիստոնյա երկիր մտնելուն պես՝ Սրբազան Քահանայապետը մեկնեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, որտեղ տեղի ունեցավ Բարիգալստյան` «Հրաշափառի» արարողությունը:
Նախագահական նստավայրում նա ելույթով հանդես եկավ, որտեղ, ի ուրախություն բոլորիս, Ֆրանցիսկոս պապը կրկին արտահայտեց «Ցեղասպանություն» բառը:
Սուրբ Աթոռի մամուլի գրասենյակի տնօրեն մոնսինյոր Ֆեդերիկո Լոմբարդին լրագրողների հետ ճեպազրույցում նշել էր, որ Պապի նախնական ելույթում «Ցեղասպանություն» բառը չի եղել, բայց վերջինս անակնկալ ձևով հայտարարել է, որովհետև այդպես է ցանկացել: