Հալեպում հրթիռակոծությունից վնասվել է «Զվարթնոց» եկեղեցին ու կից վարժարանը. զոհերի թվում հայեր կան (լուսանկարներ)
Երեկ՝ կեսօրից հետո, Հալեպի Սուրբ Աստվածածին եկեղեցում տեղի է ունեցել հունիսի 2-ին Նոր գյուղ հայաշատ շրջանում զոհված 4 հայերի՝ 1942 թվականին ծնված Վազգեն Ճապաղջուրյանի, 1949 թվականին ծնված Խաչիկ Աբուլապությանի, 1967 թվականին ծնված Հովսեփ Ջանեցյանի և 1954 թվականին ծնված Լևոն Քելխաչերյանի հուղարկավորությունը:
Հալեպի «Գանձասար» շաբաթաթերթը ֆեյսբուքյան իր էջում գրում է, որ Նոր գյուղի ուղղությամբ օրերս ավելի քան 40 հրթիռ էր արձակվել, որի հետևանքով վնասվել են բնակարաններ, աշխատավայրեր, հրկիզվել էր մի արհեստանոց, որում զոհվել էին երեք հայեր, իսկ չորսը ունեցած վերքերի պատճառով վայրկայններ անց մահացել են:
Լուրջ վնասներ են կրել հայ կաթողիկե համայնքին պատկանող Սուրբ Երրորդությունը՝ «Զվարթնոց» եկեղեցին:
Լուրջ վնասներ են կրել եկեղեցու «Աղաջանյան» սրահը, միանձնուհիների սենյակները․ եկեղեցու բոլոր ապակիները կոտրվել են, երբ դրա մոտ հրթիռ է ընկել ու պայթել, իսկ «Զվարթնոց» վարժարանի մեջ մեկից ավելի հրթիռներ են աստիճանաբար ընկել՝ վնասելով դասարանները: