Որքա՞ն են վաստակում «Իսլամական պետության» զինյալները
Թուրքիայի Գազիայնթեփ նահանգում իրականացված հակաահաբեկչական հատուկ գործողության ընթացքում հայտնաբերվել է «Իսլամական պետություն» («ԻՊ») ահաբեկչական կազմակերպության զինյալների վարձատրության ժամանակացույց, որտեղ ներառված են եղել կառույցի 23 զինյալների աշխատավարձների վերաբերյալ տվյալներ:
Ըստ այդմ՝ փաստաթղթում նշված աշխատավարձերի չափը տատանվում է 120-690 դոլարի սահմաններում: Նվազագույն՝ 120 դոլարով վարձատրվում են չամուսնացած զինյալներն, ամուսնացածներին հավելյալ վճարվում է ևս 120 դոլար կնոջ և 50 դոլար՝ երեխայի համար:
Բացի նշվածից, առանձին գումար է հատկացվում նաև բնակարանի վարձավճարների, կենցաղային ծախսերը հոգալու համար:
Մինչդեռ, հատկապես վերջին շրջանում «ԻՊ»-ի առջև ծառացած տնտեսական խնդիրները բավական բարդ իրավիճակ են ստեղծել կառույցի համար, ինչն անդրադառնում է նաև ահաբեկչական կազմակերպության զինյալներին հատկացվող աշխատավարձերի վճարման գործընթացի վրա:
Նշված խնդիրների առկայության որոշակի ցուցիչ է նաև օրերս Աբու Ասադ ալ-Ալմանի անունով «ԻՊ»-ի զինյալի կողմից «Facebook» սոցիալական ցանցում հրապարակված եզդի երիտասարդ աղջկա լուսանկարն ու կից գրառումն՝ «իրեն պատկանող առանձնահատուկ ստրկուհուն 8000 դոլարով վաճառելու մասին»:
Ի դեպ, նման հայտարարությունը եզակի չէ, և առավել կողմնորոշիչ է այն հանգամանքը, որ հատկապես վերջին շրջանում երևույթը բավական պարբերական է դարձել, թեպետ նման գրառումները մշտապես հեռացվում են սոցիալական ցանցի աշխատակիցների կողմից:
Արմեն Պետրոսյան. Ֆեյսբուք