Կիևը կոչնչացնի Սավչենկոյին, հենց որ նա Դոնբաս մտնի. Զախարչենկո
Ուկրաինական հատուկ ծառայությունները կարող են ոչնչացնել Նադեժդա Սավչենկոյին, որը Ռուսաստանում 22 տարվա ազատազրկման էր դատապարտվել Դոնբասում ռուս լրագրողներին սպանելու համար, իսկ ներում ստանալուց հետո վերադարձել էր Ուկրաինա: Ըստ Դոնբասի Ազգային Հանրապետության ղեկավար Ալեքսանդր Զախարչենկոյի՝ Սավչենկոյին կոչնչացնեն, հենց որ նա այցելի Ուկրաինայի հարավ-արևելքում ռազմական գործողությունների գոտի: Այս մասին «РИА Новости»-ին է հաղորդել է Զախարչենկոն:
«Ես փորձում եմ տեղ հասցնել այն ինֆորմացիան, որը մենք ունենք: Կիևի հատուկ ծառայությունները պատրաստվում են Սավչենկոյին ուղարկել մեզ մոտ` սահմանային գիծ, ապա ոչնչացնել նրան: Քանի որ մահացած Սավչենկոն Կիևի ներկայիս իշխանությունների համար ավելի լավ և օգտակար է, քան կենդանին: Եվ, իհարկե, նրա սպանության մեջ կմեղադրեն մեզ, որպեսզի վերջնականապես կերտեն նրա` որպես հերոսի կերպարը»,- նշել է նա:
Զախարչենկոն նաև ասել է, որ կատակել էր, երբ ասել էր, որ եթե Սավչենկոն «հերոսաբար» գնա իրենց դիրքերի մոտ, ապա իրենք կապտակեն նրան, այնպես, որ նա չնեղանա: