Շատ եմ ցանկացել գալ Հայաստան և հաղորդակից դառնալ հոգևոր արժեքներին. ռուս հոգևորական
Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն հանդիպել է ՌԴ Օրլովի նահանգապետ Վադիմ Պոտոմսկու, Ռուս Ուղղափառ Եկեղեցու վանական վարդապետ Իլիյ Նոզդրինի և Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի բարերար Սամվել Մովսիսյանի հետ:
Ամենայն Հայոց Հայրապետն ուրախություն հայտնեց Հայ Եկեղեցու համար նվիրական տոնին` Ս. Էջմիածնի Կաթողիկեի ուխտի օրը, հյուրընկալելու Ռուսաստանից ժամանած պատվիրակությանը:
Զրույցի ընթացքում Հայոց Հովվապետն անդրադարձ կատարեց երկու Եկեղեցիների միջև առկա եղբայրական կապերին, ինչպես նաև կրթական ոլորտում իրականացվող գործակցությանը:
Վանական վարդապետ Իլիյն ուրախություն հայտնեց Հայաստան այցի առիթով` նշելով, որ շատ է ցանկացել գալ Հայաստան և հաղորդակից դառնալ նրա հոգևոր արժեքներին ու ժառանգությանը, որոնց միջոցով կենդանի է մնում քրիստոնեական հավատքը: Հայր Սուրբը խոսեց նաև հոգևոր կյանքի կարևորության և ներկա ժամանակներում քրիստոնեության հանդեպ տեղ գտնող հարձակումների մասին:
Իր հերթին Օրլովի նահանգապետը հանդիպման առիթով շնորհակալություն հայտնեց` մասնավորապես անդրադառնալով հայ համայնքի հետ ձևավորված սերտ կապերին և համագործակցությանը: