Բրիտանիան քննադատել է Իրանում Հոլոքոստի մասին ծաղրանկարների մրցույթը
Բրիտանական պաշտոնյաները Իրանում հայտարարել են, որ Միացյալ Թագավորությունը դատապարտում է Հոլոքոստի շուրջ ծաղրանկարների մրցույթի անցկացումը: Այս մասին հաղորդում է «РИА Новости»-ն` հղում անելով Ֆորին օֆիսի հաղորդագրությանը:
«Մեծ Բրիտանիան քննադատում և դատապարտում է յուրաքանչյուր գործունեություն, որն ուղղված է Հոլոքոստի հերքմանը, որտեղ էլ որ դա տեղի ունենա: Բրիտանական պաշտոնյաները Իրանում հայտարարել են, որ մենք լրջորեն դատապարտում ենք ծաղրանկարների մրցույթը, որն այնտեղ տեղի է ունենում»,- նշվում է հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ ՅՈՒՆԵՍԿՕ-ն ևս դատապարտել էր Թեհրանում անցկացվող «Եվրոպական հրեականության աղետը» թեմայով անցկացվող ծաղրանկարների միջազգային մրցույթը: Նշենք, որ ցուցահանդեսը բացվել է մայիսի 9-ին Ժամանակակից արվեստի պաղեստինյան թանգարանում, և գործել է 12 օր:
Մրցույթի շրջանակներում կազմակերպիչները ստացել են ավելի քան 800 աշխատանք, որից 300-ը նկարիչներից, այդ թվում` 103-ը Իրանից, ինչպես նաև Բրազիլիայից, Ֆրանսիայից, Ինդոնեզիայից, Թուրքիայից, Չինաստանից: