Տկարամիտ Իլհամը լավ չգիտի պատմությունը
Այստեղ ծնկի են գալիս և խոնարհվում բոլորը
Աշխարհում կան վայրեր, որտեղ մարդիկ ակամայից խոնարհվում և ծնկի են գալիս: Օրինակ, երբ մտնում են եկեղեցի, մզկիթ, սինագոգ և այլն: Սակայն կան վայրեր, որտեղ խոնարհվելը և ծնկի գալը պարտադրված է: Այն պարտադրվում է համապատասխան երկրի իշխանությունների կողմից, որոնք հիմնականում բռնապետություններ են:
Օրինակ, ԽՍՀՄ-ի ժամանակներում պարտադիր ռիտուալ էր Մոսկվա այցելելիս «հանդիպել» Լենինի մումիայի հետ Կարմիր հրապարակում և խոնարհվել նրա առաջ, որն ի դեպ, մինչև հիմա այնտեղ է գտնվում, Սոֆիայում այցելել տեղի կոմունիստների առաջնորդի՝ Գեորգի Դիմիտրովի դամբարանը, որը քանդվեց 1992 թ-ին, Հանոյում՝ Հո Շի Մինի դամբարանը, Փհենյանում՝ Կիմ Իր Սենի դամբարանը և այլն:
Այս ցուցակում իր արժանի տեղն է զբաղեցնում նաև մեր արևելյան հարևանը՝ Ադրբեջանը, որի սուլթան Իլհամ Ալիևն իր կառավարման տարիներին հաջողեցրել է հորը՝ Ադրբեջանի երրորդ նախագահին, հռչակել ադրբեջանական ազգի հիմնադիր-հայր, ադրբեջանական ազգի փրկիչ, երկրի շինարար և այլն:
Զարմանալի չէ, որ Իլհամ Ալիևի ջանքերով նրա հոր՝ Հեյդարի գերեզմանը Բաքվում, իսկ արձանները Ադրբեջանի բոլոր քաղաքներում և գյուղերում դարձել են «սրբավայրեր», ուր մարդիկ պարտավոր են այցելել՝ համապատասխան կեցվածք ընդունելով՝ կամ ծնկի են գալիս Հեյդար Ալիևի առաջ, կամ խոնարհվում: Այս ավանդույթն է ծաղրում հայտնի ազերի ծաղրանկարիչ Գյունդուզ Աղաևը (տե՛ս ծաղրանկարը):
Տկարամիտ Իլհամը լավ չգիտի պատմությունը: Չի ուզում հավատալ, որ իր հոր արձաններն ունենալու են այն նույն ճակատագիրը, ինչ Լենինի, Ստալինի, Դիմիտրովի, Հուսեյնի, Քադաֆիի և այլ բռնապետերի արձանները:
Գագիկ Համբարյան, Ֆեյսբուք: