Ուկրաինայի ներկայիս կառավարությունը «միջակությունների կույտ է». Սաակաշվիլի
Օդեսայի շրջանի նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլին «The Guardian» թերթին տված հարցազրույցում բողոքել է «այն մարդուց, ով իրեն այդ պաշտոնում է նշանակել» Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյից և Ուկրաինայի նոր կառավարությունից:
«Երկրում, որտեղ կառավարման նոր տիպին անցնելու հույսերը սկսել են հօդս ցնդել այն պատճառով, որ օլիգարխները վերադարձնում են իրենց վերահսկողությունը քաղաքականության և բիզնեսի նկատմամբ, Սաակաշվիլիի հրապարակային և շատ էմոցիոնալ ելույթները մեծ ճանաչում են վայելում: Եվ այժմ դրանք ուղղված են հենց նախագահի դեմ»,- գրում է «The Guardian»-ը:
«Նախկինում, Ուկրաինայի նախագահն ավելի ճկուն էր և պատրաստ էր աշխատել թե' բարեփոխիչների, թե' «հին դպրոցի» ներկայացուցիչների հետ: Իսկ այժմ նա աշխատում է մի կառավարության հետ, որն ընդհանրապես ոչ մի պատկերացում չունի բարեփոխումների մասին»,- նշել է Օդեսայի նահանգապետը:
Ըստ նրա՝ Ուկրաինայի ներկայիս կառավարությունը «միջակությունների կույտ է»:
Օդեսայի նահանգապետը արդեն ոչ առաջին անգամն է, որ բողոքում է Պորոշենկոյից: Այն հարցին` արդյոք Սաակաշվիլիի նման քայլերը չեն սրի Ուկրաինայի նախագահի հետ նրա հարաբերությունները, Սաակաշվիլին պատասխանել է, որ Պորոշենկոն գիտեր, թե իրեն նահանգապետ նշանակելով` ինչի է գնում:
Վերջին շրջանում Ուկրաինայի նախագահին ավելի ու ավելի շատ են քննադատում, հատկապես այն բանից հետո, երբ պանամական փաստաթղթերում հայտնվեց նաև նրա անունը: Շատերը մեղադրում են նրան «Մայդանի իդեալներին դավաճանելու մեջ»: