Էդվարդ Նալբանդյանի նվաստացուցիչ միայնությունը Բրյուսելում. (տեսանյութ)
«Ժողովուրդ»-ը գրում է. «Մայիսի 23-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական միության և Արևելյան գործընկերության երկրների արտգործնախարարների հանդիպմանը, որի ընթացքում հանդես է եկել ծավալուն ելույթով: Այդ մասին ՀՀ ԱԳՆ պաշտոնական կայքէջում կա համապատասխան տեղեկատվություն, որից կարելի է տպավորություն ստանալ, թե ՀՀ արտգործնախարարը ԵՄ ԱԳՆ ղեկավարների գագաթնաժողովում շատ լուրջ և ներկայանալի է հանդես եկել: Ինքնին ելույթը, իհարկե, բավականին նորմալ և հավասարակշռված բովանդակություն ունի: Սակայն, ինչպես հայտնի է, նման գագաթնաժողովներում շատ կարևոր են կուլիսային շփումները, այդ թվում և ընդմիջումների ժամանակ տեղի ունեցող խոսակցությունները:
Եվ այս իմաստով հասկանալու համար, թե իրականում ԵՄ տիրույթում ինչպես են վերաբերվում այս կամ այն երկրի ներկայացուցչին, բավական է ծանոթանալ այդ կառույցի լրատվական ծառայության հրապարակած տեսանյութերին, որոնք ներկայացնում են հանդիպման ընդմիջման ընթացքում մասնակիցների շփումները կամ խմբակային լուսանկարի արարողությունը:
Եվ, ահա, այդ տեսանյութերից մեկում (ստորև) ՀՀ արտգործնախարար Էդուարդ Նալբանդյանն այնպիսի նվաստացուցիչ միայնության մեջ է կանգնած՝ անտեսված մի կողմից ԵՄ անդամ երկրների արտգործնախարարների, մյուս կողմից՝ ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի կողմից, որոնք երկուստեք մեջքով շրջված Նալբանդյանին՝ շատ աշխույժ զրուցում են այլ երկրների ներկայացուցիչների հետ»: Խմբագրականն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում: Մանրամասները՝ տեսանյութում: