Նոր Սահմանադրությունը դեռ չի հասցրել ուժի մեջ մտնել, բայց իշխանություններն արդեն խախտում են այն
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նոր Սահմանադրությունը դեռ չի հասցրել ամբողջությամբ ուժի մեջ մտնել, բայց ՀՀ իշխանություններն արդեն իսկ խախտում են այն: Բանն այն է, որ Սահմանադրության 210 հոդվածի համաձայն՝ ՀՀ ընտրական նոր օրենսգիրքը պետք է ուժի մեջ մտնի այս տարվա հունիսի 1-ից: ԸՕ նախագիծը, ինչպես հայտնի է, մայիսի 17-ին ընդունվել է երկրորդ ընթերցմամբ: Սովորաբար օրենսգրքերն ընդունվում են 3 ընթերցմամբ:
Նախատեսվում է, որ մայիսի 25-ին արտահերթ նիստ է հրավիրվելու, որի ընթացքում ԸՕ-ն կընդունվի 3-րդ ընթերցմամբ: Բայց նույնիսկ դա չի փրկում իրավիճակը: Բանն այն է, որ եթե անգամ նույն օրը ԸՕ-ն վազելով հասցնեն նախագահի նստավայր, և Սերժ Սարգսյանն այն ստորագրի, ու հաջորդ իսկ օրը այդ փաստաթուղթը հրապարակվի, ապա միևնույն է՝ Սահմանադրության պահանջը չի կատարվում:
«Իրավական ակտերի մասին» օրենքի 46-րդ հոդվածի համաձայն՝ օրենքները կարող են ուժի մեջ մտնել հրապարակման պահից ոչ շուտ, քան տասներորդ օրը: Այսինքն՝ ամենաարագ հաշվարկներով անգամ ՀՀ իշխանությունները Սահմանադրությունը հինգ օրով խախտում են»:
Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում: