Ադրբեջանը որդեգրել է մարդկության դեմ հանցագործություններ իրականացնելու քաղաքականություն. ՀՀ ԱԳՆ
Այն ժամանակ, երբ միջազգային հանրությունը պայքարում է ահաբեկչական կազմավորումների բարբարոսական գործողությունների դեմ, այդ նույն անմարդկային ձեռագրով գործում է միջազգային իրավունքի սուբյեկտ հանդիսացող պետությունը՝ Ադրբեջանը:
Այդ մասին ասել է ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը՝ «Արմենպրեսսի» հետ զրույցում մեկնաբանելով փաստը, որ Ադրբեջանի նախագահը պարգևատրել է և լուսանկարվել ադրբեջանական զինծառայողի հետ, որը, ըստ ադրբեջանական լրատվական կայքերի, օրեր առաջ ցուցադրաբար պատկերված էր ԼՂ Պաշտպանության բանակի զինծառայող Քյարամ Սլոյանի անդամահատված գլուխը ցուցադրող լուսանկարներում:
«Նման հանցագործության խրախուսումն ամենաբարձր պետական մակարդակով Ադրբեջանի համար նորություն չէ. Բուդապեշտում քնած վիճակում հային կացնահարելու համար հունգարական դատարանի կողմից ցմահ դատապարտված Ռամիլ Սաֆարովը, 2012թ.-ին Բաքու արտահանձնվելուն պես, Ադրբեջանի նախագահի կողմից անմիջապես ազատվեց պատիժը կրելուց, պարգևատրվեց և հերոսացվեց»,- նշել է նա:
«Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ ս.թ. ապրիլին սանձազերծված ագրեսիայի ընթացքում դպրոցների նպատակային հրետանակոծումը, ինչի արդյունքում զոհվել և վիրավորվել են երեխաներ, տարեց անձանց կտտանքների և խոշտանգումների միջոցով տանջամահ անելը, ԼՂ գերեվարված զինծառայողների դիակների խեղումը վկայում է այն մասին, որ Ադրբեջանը որդեգրել է պետական մակարդակով խրախուսվող և ուղղորդվող ահաբեկչության և մարդկության դեմ հանցագործություններ իրականացնելու քաղաքականություն»,- ասել է Քոչարյանը: