Այսօր Մամուլի ազատության միջազգային օրն է
Ամբողջ աշխարհում մայիսի 3-ին նշում են Մամուլի ազատության միջազգային օրը: 1993 թվականի դեկտեմբերի 20-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան հատուկ բանաձեւով մայիսի 3-ը հռչակել է Մամուլի ազատության միջազգային օր: Իսկ մայիսի 3-ն ընտրվել է այն պատճառով, որ հենց այդ օրը աֆրիկյան Նամիբիայի մայրաքաղաք Վինդհուկում աֆրիկյան երկրների ազատ մամուլի ներկայացուցիչները ընդունել են Վինդհուկյան հռչակագիրը, որով կոչ է արվում կառավարություններին՝ ապահովել մամուլի ազատությունն ու նրա ժողովրդավարական բնույթը:
Հռչակագրում ընդգծվում էր, որ ազատ և անկախ մամուլը յուրաքանչյուր ժողովրդավար հասարակության կարևորագույն մասն է համարվում: Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի հոդված 19-ը մասնավորապես ասում է, որ ամեն ոք ունի համոզմունքների ազատության և դրանք ազատորեն արտահայտելու իրավունք։ Այդ իրավունքը ներառում է սեփական համոզմունքներին հավատարիմ մնալու և ցանկացած միջոցներով ու անկախ պետական սահմաններից՝ տեղեկություններ ու գաղափարներ որոնելու, ստանալու ու տարածելու ազատություն։
Նշենք, որ ամեն տարի մայիսի 3-ին բազմաթիվ զեկույցներ են հրապարկվում մամուլի ազատության վերաբերյալ, կազմակերպվում են մի շարք այլ միջոցառումներ: