Օբաման չի հավատում, որ Թրամփն է լինելու ԱՄՆ-ի հաջորդ նախագահը
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, ում պաշտոնավարման ժամկետը լրանում է այս տարի, չի հավատում, որ Սպիտակ տանն իր հետևորդը կլինի Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Դոնալդ Թրամփը: Այս մասին հայտնում է «РИА Новости» գործակալությունը:
«CNN»-ին տված հարցազրույցի ընթացքում լրագրողն Օբամային հարցրել է, թե ինչ է նա կարծում, ինչպիսի որոշումներ կկայացնի Թրամփը նախագահ լինելու դեպքում:
«Ես չեմ մտածում այդ մասին, որովհետև չեմ սպասում, որ դա տեղի կունենա»,- հայտնել է Օբաման:
Դեմոկրատ Օբաման այժմ իր երկրորդ և վերջին նախագահական ժամկետն է լրացնում: Նա ԱՄՆ-ի նախագահի պաշտոնին է 2009թ-ից: Այս պահին Դեմոկրատական կուսակցությունից այդ պաշտոնի համար պայքարում են Բերնի Սանդերսն ու նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, ով Օբամայի հետ աշխատել է 2009-13թթ-ի ընթացքում: Միլիոնատեր Թրամփը մրցավազքի՝ Հանրապետական կուսակցությունը ներկայացնող առաջատարն է: