«Գրանտ Տոբակո»-ն մեկ ամսով դադարեցնո՞ւմ է գործունեությունը
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ «Գրանտ Տոբակո» ընկերությունը օրերս իր աշխատակիցներին իրազեկել է, որ առաջիկայում հնարավոր է՝ մեկ ամսով արտադրամասերի գործունեությունը դադարեցնի և արտադրանք չտա:
Այս մասին մեզ ահազանգեցին ընկերության աշխատակիցները, որոնք նախօրեին Համալիրում մասնակցում էին մայիսի 1-ի՝ աշխատավորի օրվան նվիրված միջոցառմանը: Հնարավոր դադարի մասին հայտարարությունից մի քանի օր անց գործարանի աշխատակիցները պարզել են, որ մեկամսյա «աշխատանքային դադարը» ոչ բոլորին է վերաբերում:
Խնդրի առնչությամբ «Ժողովուրդ»-ը փորձեց «Գրանդ Տոբակո»-ից մեկնաբանություն ստանալ, սակայն, ընկերության հեռախոսավարուհին կարճ պատասխանեց, որ իրենք աշխատում են, և հրաժարվեց այլ հարցերի պատասխանել: Նկատենք, որ վերջին երկու տարիներին «Գրանդ Տոբակոն» հիմնական շեշտը դրել է արտահանման ծավալներն ավելացնելու վրա:
Ուստի բացառված չէ, որ արտերկրում ծխախոտ իրացնելու հետ կապված խնդիրներ ի հայտ եկած լինեն, և դրանով պայմանավորված արտադրանքի ծավալները նվազեցնելու անհրաժեշտություն առաջացած լինի: Հուսանք՝ ժամանակավոր»:
Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում: