Գերմանիայում ոստիկանները ձերբակալել են ցույցի 400 մասնակիցների (տեսանյութ)
ՏեսանյութերԳերմանական Շտուտգարտ քաղաքի ոստիկանությունը ձերբակալել է «Այլընտրանք Գերմանիայի համար» աջ կուսակցության դեմ իրականացվող բողոքի ակցիայի մասնակից մոտ 400 ակտիվիստի: Այս մասին հաղորդում է «BBC»-ն:
Ցուցարարներին ցրելու ժամանակ ոստիկանությունն օգտագործել է արցունքաբեր գազ և ջրցաններ, իսկ ցուցարարները սկսել են ոստիկանների վրա քարեր շպրտել: Արդյունքում տուժել են մեկ ցուցարար և երկու ոստիկան:
Ըստ ոստիկանության, ցույցին մասնակցել է ընդհանուր առամամբ 800-900 մարդ: Այսպիսով, ոստիկանությունը ձերբակալել է մասնակիցների գրեթե կեսին: Իսկ ցույցը ցրող ոստիկանների թիվը հասել է մոտ հազարի:
Ցուցարարները իրենց դժգոհությունն էին հայտնում «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության քաղաքականությունից, քանի որ գտնում են, որ այն ազգայնական է: Իր հերթին, կուսակցությունը գտնում է, որ իրենց գործողություններով ցուցարարները փորձում են սահմանափակել հավաքների ազատության իրենց սահմանադրական իրավունքը:
«Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունը հանդես է գալիս միգրանտների հոսքի նվազեցման օգտին: Կիրակի օրը կուսակցությունը Շտուտգարտում նախատեսում է նիստ գումարել, որտեղ կընդունի իր հռչակագիրը: Կուսակցության որոշ անդամներ արդեն իսկ կողմ են արտահայտվել, որ հռչակագիրը հակաիսլամական բնույթ կրի: