Շնորհավոր կարգին տղամարդկանց մարտի 8-ը
Մարտի 8-ի առթիվ բոլորը շնորհավորանքների խոսքեր են ասում, տղամարդիկ՝ հատկապես են ջերմ բառեր շռայլում: Մի քանի բան էլ ես եմ ուզում ասել: Ես ավելի շատ ուզում եմ շնորհավորել այն տղամարդկանց, ում կողքին կինը կարող է իրեն կին զգալ: Առավել ևս վերացող և Կարմիր գրքում գրանցված այն տղամարդկանց տեսակին, ովքեր ապրեցնում են, անգամ երբ ֆիզիկապես կողքիդ չեն: Լավ տղամարդու կնոջ համար ամեն օր է տոն:
Մազերիս թվով տղամարդ եմ ճանաչում, բայց հազարից մեկին կարող եմ տղամարդ համարել՝ նրանց, ովքեր արժանապատվություն ունեն և ուղղակի «յալանչի» չեն՝ անկախ իրենց գրաված դիրքից ու հաջողություններից :
Շնորհավորում եմ այն տղամարդկանց, ում կողքը կանայք կարող են նստել ու իրենց կին զգալ: Ֆիզիոլոգիապես տղամարդ լինելը մի բան է, իսկական տղամարդը՝ այլ:
Շնորհավորում եմ, ուրեմն, տղամարդկանց և առաջին հերթին ցանկանում եմ, որ սոցիալական ցանցերում ջերմ շնորհավորանքներ գրելուց առաջ իրենց կանանց տոն նվիրեն, գնահատեն: Վիրտուալ ծաղկեփնջերի փոխարեն իրական ծաղիկներ նվիրեն իրենց կյանքում եղած կանանց՝ կնոջը, մորը, քրոջը: Իրոք, ավելի դժվար է, չէ՞, իրականում մեկին երջանկացնել, քան միլիոններին երջանկություն մաղթել:
Շնորհավորում եմ տղամարդկանց, որովհետև նրանք են, որ կանանց ամեն օր տոն են նվիրում: Շնորհավորում եմ՝ մաղթելով, որ յուրաքանչյուրը կարողանա երջանկացնել մեկին:
Մարգարիտ Սարգսյան. ֆեյսբուք: