Ուկրաինան ցանկանում է Ղրիմը վերադարձնել Թուրքիայի օգնությամբ
Թուրքիան պետք է հետաքրքրված լինի Ղրիմը Ուկրաինային վերադարձնելու բանակցություններով: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտնել է Ուկրաինայի արտգործնախարար Պավել Կլիմկինը:
Կլիմկինի խոսքով՝ Թուրքիան պետք է դառնա «Ժնև+» ձևաչափով Ղրիմը Ուկրաինային վերադարձնելու բանակցությունների մասնակիցներից մեկը: Այս մասին հայտնում է «Regnum» գործակալությունը:
«Արդյո՞ք Թուրքիայի ներկայացուցիչները կարող են մասնակցել Ղրիմի մարդասիրական խնդրի քննարկմանը: Ես կարծում եմ, որ կարող են: Եվ նրանք պե՛տք է հրավիրվեն: Հենց այդ պատճառով էլ Ժնևի ձևաչափը որպես հիմք հասկանալի է, սակայն այնտեղ պետք է լինեն նաև այլ ներկայացուցիչներ»,- հայտնել է նա:
Նախարարը հավելել է, որ բացի ԱՄՆ-ի, ԵՄ-ի, Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչներից, բանակցություններին կարող են մասնակցել նաև միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, մասնավորապես՝ Եվրոպայի խորհրդի: