Су-24-ի վրա հարձակումը Անկարայի մեծագույն սխալն էր. Պուտին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Փարիզում զրուցելով լրագրողների հետ, հայտնել է, որ երկկողմանի հանդիպումների ընթացքում իր գրեթե բոլոր գործընկերների հետ քննարկել է ռուսական Су-24 ինքնաթիռի խոցվելու հարցը: Այս մասին հայտնում է Lifenews.ru-ն:
«Պարզաբանումներ տվեցի, բացատրեցի, թե ինչ է կատարվել: Տեսա, որ գործընկերներս ուշադիր լսում էին: Եվ նրանց մեծամասնությունը կիսում է այն կարծիքը, որ անհրաժեշտություն չկար ռուսական անօգնական ինքնաթիռին խոցել, քանի որ այն Թուրքիայի համար վտանգ չէր ներկայացնում»,- հայտնել է Պուտինը:
Պուտինը նաև պատասխանել է այն հարցին, թե, իր կարծիքով, ինչու է Էրդողանը նման որոշում կայացրել և խոցել ինքնաթռը: Պուտինը նշել է, որ համաձայն թուրքական կողմի՝ որոշումը Էրդողանը չի կայացրել: Սակայն դա մեծ կարևորություն չունի: Դեպքի հետևանքով մահացել է 2 ռուս զինվոր:
«Թե ինչու են թուրքական իշխանությունները նման որոշում կայացրել, ավելի լավ է՝ հարցնեք իրենց: Դա մեծագույն սխալ էր»,- նշել է Վլադիմիր Պուտինը: