ԵՄ-ն Թուրքիային կֆինանսավորի այնքանով, որքանով Թուրքիան կկատարի փախստականների հետ կապված իր պարտականությունները
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, հեռանալով ԵՄ-Թուրքիա գագաթաժողովից, հայտարարել է, որ Եվրոպական Միությունը կհատկացնի Թուրքիային խոստացված 3 միլիարդ եվրոն այնքանով, որքանով Թուրքիան կընդունի փախստականներին։ Այս մասին հաղորդում է РИА «Новости»-ն։
«Այս պահին մենք կտրամադրենք 3 միլիարդ եվրո, այդ գումարը կվճարվի այնքանով, որքանով Թուրքիան կկատարի փախստականների հետ կապված իր պարտականությունները»,- նշել է Օլանդը։
Նա նաև ընդգծել է, որ Սիրիայում քաղաքական կարգավորման հարցերով Թուրքիայի հետ համագործակցությունը, ահաբեկչության դեմ պայքարը և միգրացիոն ճգնաժամի կարգավորումը կարևոր են Ֆրանսիայի համար։
«Իրավաչափ է ակնկալել, որ Թուրքիան ջանքեր կգործադրի փախստականներին ընդունելու համար, որպեսզի նրանք չգան Եվրոպա։ Իրավաչափ է նաև, որ Թուրքիան Եվրոպայից օգնություն ստանա փախստականներին ընդունելու համար»,- հայտարարել է նա։
Պատասխանելով Թուրքիայի՝ ԵՄ անդամակցման բանակցությունների վերսկսման մասին հարցին, Օլանդը պատասխանել է, որ պայմանները չեն փոխվել և պատճառ չկա արագացնել կամ դանդաղեցնել սկսված գործընթացը։