Փարիզում ձերբակալվել են ավելի քան 100 ցուցարարներ
Հարյուր հազարավոր ցուցարարներ ամբողջ աշխարհում ցույցի են դուրս եկել կլիմայական փոփոխությունների վերաբերյալ ՄԱԿ-ի փարիզյան գագաթաժողովի նախօրեին։ Այս մասին հաղորդում է «BBC»-ն։
Ցույցի մասնակիցները պահանջում են անհապաղ և ավելի վճռական գործողություններ ձեռնարկել կլիմայական գլոբալ փոփոխությունների դեմն առնելու նպատակով։ Այս ժամերին մեծամասշտաբ երթեր են տեղի ունենում Լոնդոնում, նախատեսվում են բողոքի ցույցեր Նյու Յորքում, Ռիո դե-Ժանեյրոյում և Մեխիկոյում։
Փարիզում ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ և ձերբակալել է մոտ 100 ցուցարարների, որոնք խախտել են ցույցերի անցկացման արգելքը, որը դրվել էր փարիզյան ահաբեկչություններից հետո։
Ցույցը տեղի է ունեցել Հանրապետության հրապարակում։ Ամբոխի մեջ գտնվող դիմակներով խումբը սկսել է իրեր նետել ոստիկանության ուղղությամբ և գոռալ «Արտակարգ դրություն, ոստիկանական պետություն»՝ ի նկատի ունենալով Ֆրանսիայում անվտանգության միջոցների ուժեղացումը նոյեմբերի 13-ի ահաբեկչություններից հետո։