Ուկրաինայում հիշում են Գոլոդոմորի զոհերին
Ուկրաինայում հիշում են 1932-1933 թվականների Գոլոդոմորի զոհերին, որի արդյունքում մահացել է մի քանի միլիոն մարդ։ Այս մասին հաղորդում է «BBC»-ն։
Բոլոր ուկրաինական քաղաքներում տեղի են ունենում սգո միջոցառումներ՝ նվիրված Գոլոդոմորի զոհերի հիշատակի օրվան։ Այն նշվում է նոյեմբերի 4-րդ շաբաթ օրը։
Համազգային լռության րոպեի հետ մեկտեղ տեղի է ունենում մոմավառություն։ Յուրաքանչյուրը կարող է մոմ վառել և դնել իր պատուհանի մոտ՝ դրանով հիշելով և իր հարգանքի տուրքը մատուցելով սովից մահացած միլիոնավոր ուկրաինացիներին։
2006 թ-ին Ուկրաինայի ռադան ճանաչել էր Գոլոդոմորը որպես ուկրաինական ժողովրդի ցեղասպանական գործողություն։ Աշխարհի ավելի քան 20 երկիր պաշտոնապես ճանաչել են Գոլոդոմորը որպես ցեղասպանություն։
Հետխորհրդային պետությունների մի մասը, այդ թվում նաև՝ Ռուսաստանը, չեն ճանաչում Գոլոդոմորը որպես ուկրաինական ժողովրդի ցեղասպանություն՝ պնդելով, որ մարդիկ սովից մահացել են նաև ԽՍՀՄ-ի այլ շրջաններում, և սովամահությունը ուղղված չի եղել միայն ուկրաինացիների դեմ։