Պուտինը հաստատել է Թուրքիայի դեմ ուղղված սանկցիաները
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել, որով Թուրքիայի դեմ կիրառվում են տնտեսական սանկցիաներ, իսկ Թուրքիայի քաղաքացիները ենթարկվում են վիզային ռեժիմի հետ կապված սանկցիաների։ Այս մասին հաղորդում է «BBC»-ն։
Փաստաթղթի տեքստում նշվում է, որ Ռուսաստանը կարգելի թուրքական ապրանքների ներկրումը։ Ապրանքների ցանկը պետք է պատրաստվի կառավարության կողմից։ Այս արգելքը չի տարածվի այն ապրանքների վրա, որոնք Ռուսաստան են բերվում անձնական օգտագործման համար։
Բացի այդ, թուրքական կազմակերպություններին արգելվում է Ռուսաստանում որոշակի տեսակի գործունեություն ծավալել։ Արգելված ոլորտների ցանկը ևս կպատրաստվի առանձին։ Կազմակերպություններին կարգելեն աշխատանքի վերցնել թուրքերին։
Հրամանագրում նաև տեղ է գտել Թուրքիայի հետ առանց վիզային ռեժիմի հաղորդակցության մասին համաձայնագրի դադարեցումը միակողմանի կարգով։ Բացի այդ տուրօպերատորներին պաշտոնապես արգելվում է դեպի Թուրքիա ուղեգրեր վաճառել։ Արգելվում են չարտերային թռիչքները Ռուսաստանի և Թուրքիայի միջև։