Սահմանադրական հանրաքվեի օրվան ընդառաջ կամ «Այո»-ի և «Ոչ»-ի անզիջում պայքարը
Սահմանադրական բարեփոխումների շուրջ քննարկումները շարունակվում են: Տարբեր հարթակներով «Այո»-ականները փորձում են ցույց տալ նոր Սահմանադրության դրական կողմերը: Միևնույն ժամանակ «Ոչ»-ի կողմնակիցների կարծիքով առաջարկվող փոփոխություններն ունեն բազմաթիվ բացասական կողմեր: «Ոչ»-ականները պնդում են, որ գործող իշխանությունը նպատակ ունի այս կերպ վերարտադրվել:
«Ոչ»-ի ճամբարից բավականին ակտիվ շրջանառում են այն, որ Սահամանադրական բարեփոխումների գործընթացը իշխանությունները նախաձեռնել են, որպեսզի կարողանան հեշտությամբ վերարտադրվել: Հիմնական շեշտադրումն անում են նրա վրա, որ 2018 թվականին ավարտում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ժամկետները և փաստացի նա չի կարողանալու նորից ընտրվել նախագահի պաշտոնում: Հետևաբար պառլամենտական կառավարման համակարգի դեպքում Սերժ Սարգսյանը կզբաղեցնի վարչապետի պաշտոնը` փաստացի իր ձեռքը վերցնելով երկրի ամբողջ իշխանությունը:
«Այո»-ի ճամբարից, սակայն, հակադարձում են այս պնդմանը: Նրանք նշում են, որ իրականում գործող կիսանախագահական համակարգը վերարտադրության համար ամենահարմարներից մեկն է, քանի որ գործող Սահմանադրությամբ իշխող կուսակցությունը կարող է կազմել մեծամասնություն, ձևավորել կառավարություն, ապա ընդունել մի օրենք և նախագահի բոլոր լիազորությունները փոխանցել վարչապետին:
Ինչ վերաբերվում է, գործող նախագահի՝ իշխանության մեջ մնալուն, ապա «Այո»-ականներն առաջ են տանում այն, որ նա հրապարակայնորեն բարձրաձայնել է, որ կառավարման ձևի փոփոխության դեպքում ինքը չի հավակնելու ՀՀ նախագահի, վարչապետի կամ ԱԺ նախագահի պաշտոններին:
Համամասնական ընտրական համակարգին անցելու թեմայի շուրջ «Այո»-ականները պնդում են, որ բարդանում է վերարտադրման գործընթացը, քանի որ համամասնական ընտրակարգով մինչ այժմ ՀՀԿ-ն ստացել է մանդատների միայն 40%-ը:
Արմեն Վարդանյան, Ֆեյսբուք։