Մի քանի հարյուր տոննա խաղող մնացել է Պառավաքարի այգիներում
Կարծում եմ բոլորս էլ գիտենք, որ Տավուշի սահմանամերձ բնակավայրերում ապրուստի հիմնական միջոցը գյուղատնտեսությունն է: Որպես տեղացի նշեմ, որ գյուղի բնակչության ճնշող մեծամասնությունը իրենց երեխաների օրվա հացն ապահովելու համար առավոտից երեկո աշխատում են խաղողի այգիներում:
Պառավաքար գյուղում այժմ ապրում է մոտ 400 ընտանիք, որոնց հիմնական մասի ապրուստի միջոցն այդ խաղողի այգիներն են, որոնք գտնվում են հիմնականում մեր և ադրբեջանական ԶՈՒ դիրքերի միջև և շատ վտանգավոր են: Դեռ թարմ են դեպքերը, երբ հակառակորդը մի քանի տասնյակ անգամ գնդակոծել էր այգիներում աշխատող խաղաղ բնակիչներին:
Իհարկե գյուղացին այժմ այլ տարբերակ չունի և ստիպված գնում է այդ վտանգին: Պարզվում է, որ գյուղի բնակիչներից արդեն մի քանի օր է, որ ոչ մի գինեգործական ընկերություն խաղող չի մթերում՝ պատճառաբանելով, թե այլևս տեղ չկա:
Այսօր խոսեցի գյուղի մի քանի բնակիչների հետ, ովքեր դեռևս մեծ քանակությամբ մթերելու խաղող ունեն, սակայն մթերելու տեղ՝ ոչ:
Նշեմ, որ բերքահավաքից առաջ խաղող մթերող ընկերությունները պայմանագիր են կապում գյուղացիների հետ՝ նշելով մթերման մինիմալ քանակ: Եթե բերքահավաքի ժամանակ խաղողը նախատեսվածից շատ է լինում՝ այն միևնույնն է մթերվում է, սակայն գումարը փոխհատուցվում է մինչև հաջորդ տարվա ամառ: Գյուղացիները բանավոր համաձայնության են եկել տվյալ գործարանում աշխատող անձի հետ, որ նրանք կմթերեն այնքան խաղող, որքան կստացվի բերքահավաքից հետո:
Սակայն փաստն այն է, որ այժմ մի քանի հարյուր տոննա խաղող մնացել է Պառավաքարի այգիներում, իսկ մթերող ոչ մի կազմակերպությում այլևս չի ընդունում:
Աշոտ Գրիգորյան, Ֆեյսբուք: