Ետդարձ դեպի ԽՍՀՄ` «ГТО»-ով և առանց «Google»-ի
Վերջերս շատ է քննարկվում, թե վերջապես ու՞ր է այսպես սրընթաց գնում պուտինյան Ռուսաստանը: Ահավասիկ այդ հարցին ևս երկու համոզիչ պատասխան: Նախ, հաղորդվում է, որ Ռուսաստանի նախագահը այսօր հրամանագիր է ստորագրել, որով ընդունվել է օրենք՝ «Եղիր պատրաստ աշխատանքի և պաշտպանության համար» («ГТО - Готов к труду и обороне») մարզա-հայրենասիրական սպորտային համալիրի վերականգնման վերաբերյալ:
Իմ սերնդակիցները լավ են ծանոթ, թե ինչ է «ГТО»-ն: Դա մի պարտադրված միջոցառումների համակարգ էր` բացարձակապես ոչինչ չտվող ոչ սպորտային առումով, ոչ էլ գաղափարական: Տարին մեկ անգամ սովետական ժամանակաշրջանի պատանիներին ու աղջիկներին տանում էին մարզադաշտ, այնտեղ ինչ-որ ձևական միջոցառում անցկացնում, հետո էլ տալիս էին համապատասխան վկայականներ ու կրծքանշաններ:
Ինչի՞ համար էր դա: Ամբողջատիրական խորհրդային համակարգին այդ ամենը հարկավոր էր միայն` «հավերժ հարազատ կոմունիստական կուսակցության» հետ կարգախոսը մեկ անգամ ևս վերահաստատելու համար, բայց, հավատացեք, որ ստացվում էր ուղիղ հակառակը:
Միաժամանակ մեկ այլ օրինագիծ է ներկայացվել Ռուսաստանի Պետդումա, որով կարգելվի պետական ծառայողներին օգտվել Google, Yahoo և WhatsApp ինտերնետային ծառայություններից, որոնք, ըստ օրինագծի հեղինակների, Ռուսաստանի համար մեծ «ռիսկեր» են պարունակում` կապված արտասահմանյան գաղտնի գործակալությունների հետ: Օրինագիծը նաև նախատեսում է համապատասխան «պատժիչ» գործողություններ կիրառել պետական համակարգի այն աշխատակիցների նկատմամբ, որոնք այդքանից հետո համենայնդեպս կհամարձակվեն օգտվել վերոնշած «թշնամական արևմտյան» կայքերից: Այնպես որ, ընդամենը` ետդարձ դեպի ԽՍՀՄ և ուրիշ ոչ մի նորություն:
Ռուբեն Շուխյան, Ֆեյսբուք: