Թուրքիան բացատրություն է պահանջում Ռուսաստանից իր սահմանը նորից խախտելու համար
Թուրքիայում Ռուսաստանի դեսպանին երկրորդ անգամ են հրավիրել երկրի իշխանությունների մոտ բացատրություններ տալու համար: Դրա պատճառը ռուսական ինքնաթիռների կողմից Թուրքիա-Սիրիա սահմանի հերթական խախտում է: Այս մասին հաղորդում է «Euronews»-ը՝ հղում անելով Թուրքիայի ԱԳՆ-ին:
Ավելի վաղ՝ հոկտեմբերի 3-ին այդ նույն սահմանի խախտումը ռուսական կողմը բացատրել էր եղանակային վատ պայմաններով:
Իսկ Թուրքիայի առաջնորդ Ռեջեպ Թայիպ Էրդողանը Սիրիայում Մոսկվայի գործողությունները անվանել է մեծ սխալ: Նա նաև կոչ է արել ստեղծել «անվտանգ բուֆերային գոտի և օդային տարածք» Թուրքիա-Սիրիա սահմանի այդ հատվածում, որպեսզի հնարավոր լինի լուծել նաև փախստականների հարցը: Ռուսաստանը դեմ է նման առաջարկներին, ինչը պատճառաբանում է Սիրիայի սուվերենության հարգումով: