Ի՞նչ արժանիքների համար է Սուրիկ Խաչատրյանի օգնական Զարզանդ Նիկողոսյանը նշանակվել դպրոցի տնօրենի տեղակալ
Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի օգնական Զարզանդ Նիկողոսյանը սեպտեմբերի 1-ից նշանակվել է Կապանի թիվ 6 դպրոցի տնօրենի տեղակալ: Այս մասին Operativ.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց դպրոցի տնօրեն Մարինե Դավթյանը:
Տնօրենի խոսքով՝ Զարզանդ Նիկողոսյանն ունի համապատասխան փորձ, գիտելիքներ. մանկավարժ-մարզիչ է:
«Զարզանդ Նիկողոսյանը դպրոցում ֆիզկուլտուրայի ուսուցիչ է աշխատել: Մասնագիտական կարողությունների համար էլ անձամբ ես եմ հրավիրել դպրոցում աշխատելու: Նրան ամբողջ մանկավարժական կոլեկտիվն է սիրում, երեխաները, ծնողները: Ես անձամբ եմ նրան այդ պաշտոնում նշանակել և պատասխանատու եմ այդ նշանակման համար»,- ասաց դպրոցի տնօրենը:
Հիշեցնենք, որ Զարզանդ Նիկողոսյանը Սյունիքի մարզպետի թիկնապահն է եղել, ով մինչ այսօր շատ հաճախ է հայտնվում սկանդալների կենտրոնում: