Դատարանը շտապում է. վճիռն արդեն հրահանգվա՞ծ է. Armlur.am
Armlur.am-ը գրում է, որ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի կնոջ` Ռուզաննա Խաչատրյանի`ընդդեմ «Հրապարակ» օրաթերթի ներկայացրած հայցով դատական նիստը այսօր հետաձգվեց: Պատճառը այն է, որ օրաթերթը գործին է ներգրավել փաստաբանի` Տիգրան Ավետիսյանին: Վերջինս միջնորդեց դատարանին գործի նյութերին ծանոթանալու և նախապատրաստվելու համար իրեն ժամանակ տրամադրել: Նատենք, որ որպես կանոն դատարանը նման միջնորդությունները չի մերժում, և պրակտիկան ցույց է տալիս, որ նախապատրաստվելու համար դատարանը միջինը 2-3 շաբաթ է տրամադրում փաստաբանին: Սակայն այս գործով նիստը նախագահող դատավոր, Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Ռուբեն Վարդազարյանը որոշեց, որ նախապատրաստվելու համար փաստաբանին 1 շաբաթը բավական է և հաջորդ նիստը նշանակեց հուլիսի 14-ին, որի ընթացքում էլ, ըստ երևույթին, տեղի կունենա նախնական դատական նիստ: Փաստաբանին ընդամենը մեկ շաբաթ տրամադրելու հանգամանքը Armlur.am-ի հետ զրույցում «Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանի գնահատմամբ նախագահողի շտապողականությամբ է պայմանավորված. «Դատարանը շտապում է ավարտել այս գործը: Իսկ դա լինում է միայն այն դեպքում, երբ հրահանգն իջեցված է, նախապես կանխորոշված է` ինչ վճիռ է սպասվում: Ձևական դատավարություն կանեն, արագ-արագ ինչ-ինչ գործողություններ կիրականացնեն»:Նշենք, որ նախորդ նիստը հետաձգվել էր այն պատճառով, որ խնդրո առարկա հրապարակման հեղինակ Սյուզան Սիմոնյանը դատարանից հայցադիմումն ուշ էր ստացել և չէր հասցրել գրավոր պատասխանն ուղարկել: Ստացվում է դատարանն ի սկզբանե շտապում է այս գործն ավարտին հասցնել:
Մանրամասները՝ այստեղ: