Կարեն Անդրեասյանն ինչպես միշտ ամեն ինչ լղոզեց այնպես, որ իշխանություններն ազատ գործեն
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ ոստիկանությունը երեկ կեսօրին Բաղրամյան պողոտայից ստիպողաբար հեռացրեց նստացույցի մասնակիցներին: Բաղրամյան պողոտան երկու շաբաթ փակված մնալուց հետո երեկ կրկին սկսեց սովորականի պես գործել: Նստացույցի՝ մոտ երկու տասնյակ մասնակիցներ բերման էին ենթարկվել ոստիկանության բաժիններ, իսկ այնուհետև ազատ արձակվել: Ուշագրավ է այն փաստը, որ մինչև նստացույցի դադարեցումը հայտարարությամբ հանդես եկավ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը:
Հայտարարությունը հունիսի 23-ի վաղ առավոտյան Բաղրամյան պողոտայի նստացույցը ոստիկանության կողմից բռնի ուժով ցրելու դեպքերի վերաբերյալ էր: Բայց քանի որ Կարեն Անդրեասյանը հայտնի է նրանով, որ ամեն ինչ լղոզում է այնպես, որ իշխանություններն ազատ գործեն, իսկ ինքն էլ երբեմն-երբեմն իր գոյության մասին հիշեցնի, այս դեպքում ևս նա նման կերպ վարվեց: Մասնավորապես, Անդրեասյանն իր հայտարարությունում այսպիսի միտք է գրել. «Հունիսի 23-ին ոստիկանության գործողությունները համարում ենք, ընդհանուր առմամբ, ոչ իրավաչափ»: Այնուհետև նա թվարկել է ոստիկանության գործողությունների ոչ իրավաչափության հիմնավորումները, մասնավորապես այն փաստերը, որ նստացույցի մասնակիցների և լրագրողների նկատմամբ բռնություն է կիրառվել: Առաջին հայացքից կարող է թվալ, թե Անդրեասյանը կատարել է իր գործը և ոստիկանության գործողությունները համարել է ոչ իրավաչափ: Սակայն իրականում նրա հայտարարության իմաստն այն է, որ նա այդպիսով արտոնում է խաղաղ նստացույցի ստիպողական դադարեցումը ոստիկանության կողմից, պարզապես ոստիկանությանը հասկացնում է, որ աջ ու ձախ բոլորին, այդ թվում՝ լրագրողներին, «քացու տակ չգցեն»»:
Առավել մանրամասն՝ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում: