ՀՀԿ-ն մի լավ քեֆ է արել «Օջախ» ռեստորանային համալիրում
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդի» տեղեկություններով՝ երեկ «Օջախ» ռեստորանային համալիրում Սերժ Սարգսյանի գլխավորությամբ ՀՀԿ-ն մի լավ քեֆ է արել աշխատանքային սեզոնը բարեհաջող ավարտելու կապակցությամբ:
ՀՀԿ-ականները քեֆի սեղանի շուրջ միմյանց հրաժեշտ են տվել, որ այլևս ազատ են ու կարող են արձակուրդ մեկնել: Մեր տեղեկություններով՝ քեֆ-ուրախությանը մասնակցել են գրեթե բոլոր ՀՀԿ-ականներն ու ՀՀ Կառավարության անդամները, մարզպետները՝ բացառությամբ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի:
ՀՀԿ-ականներն առաջինը խմել են Սերժ Սարգսյանի կենացը, այնուհետև Աժ նախագահ Գալուստ Սահակյանի և ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի կենացները:
Իսկ երբ խնջույքի մասնակիցներն առաջարկել են բաժակ բարձրացնել հայոց բանակի համար, պարզվել է, որ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ևս բացակայում է, և հանրապետականները որոշել են Սերժ Սարգսյանի կենացը ևս մեկ անգամ խմել՝ որպես գերագույն գլխավոր հրամանատարի:
Ի դեպ, Աժ նախագահ Գալուստ Սահակյանն էլ առանձնահատուկ խմել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի կենացը: Մեր աղբյուրները փոխանցեցին, որ Սերժ Սարգսյանը ուրախ պարել է»:
Առավել մանրամասն՝ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում: