Հնարավոր չէ, որ մեզ տեսնեք կուսակցությունների մեջ. Վաղինակ Շուշանյան
«Հրապարակ» թերթը գրում է. «Վաղինակ Շուշանյանին մեկ հերոսացնում են, մեկ անվանարկում, դավաճան են պիտակավորում, հրապարակում Ժիրայր Սեֆիլյանի հետ լուսանկարը և մատնացույց անում, թե՝ նայե՛ք, նայե՛ք, գրանտ ստանալուն բան չմնաց։ Երեկ «Ոչ թալանին» նախաձեռնության ասուլիսի ժամանակ Վաղինակ Շուշանյանը չէր մասնակցում լրագրողների հետ հարցուպատասխանին։ Մի փոքր ավելի ուշ ստիպված եղավ միանալ, քանի որ քննարկում էին նրա արտասանած բառերը։
«Իմ հայտարարությունն այն մասով, որ ովքեր մնում են այստեղ, սադրիչներ են, դա վերաբերում էր կոնկրետ այն շարքում կանգնած անձանց, ովքեր, երբ հարց բարձրացրի՝ գնալ, թե մնալ, այնպիսի մեծ աղաղակ, սուլոցներ սկսեցին միտումնավոր, որ իմ բացատրությունը, հայտարարությունը մինչև վերջ տեղ չհասավ ժողովրդին։
Խոսքս վերաբերում էր միայն այդ մարդկանց։ Այնտեղ մարդիկ իմ բարեկամները, իմ քույրերը, ընկերներն են, ես միտում չեմ ունեցել ոչ մեկին վիրավորելու, բացի այն անձանցից, ովքեր միտումնավոր փորձեցին խանգարել»։
Սովորաբար քաղաքացիական նման շարժումներում առավել աչքի ընկնող երիտասարդները հետագայում հայտնվում են այս կամ այն կուսակցությունների շարքերում։ Դե, քանի որ մեծ աղմուկ հանած այս իրադարձություններին կհետևի քաղաքացիական ակտիվիստների «որսը» կուսակցությունների կողմից, փորձեցինք Վաղինակից ճշտել, թե հնարավո՞ր է երբևէ անդամագրվի որևէ կուսակցության։
«Առհասարակ, հնարավոր չէ, որ մեզ տեսնեք կուսակցությունների մեջ»։ Համոզվա՞ծ եք։ «Միանշանակ»։ Իսկ գուցե «Ոչ թալանին» նախաձեռնությո՞ւնը քաղաքականացվի։ «Մենք հենց ի սկզբանե, միայն մաքուր մնալու համար, անգամ կուսակցական գաղափարախոսություն չունենք։ «Ոչ թալանին» խմբի համալրումը եղել է միայն, միմիայն այն մարդկանցով, ովքեր չունեն ոչ մի կուսակցական գաղափարախոսություն»։
Առավել մանրամասն՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում: