Իշխանաձորի միակ բժշկուհին, ով սպասարկում է 33 գյուղ
Արցախի Քաշաթաղի շրջանի գյուղ Իշխանաձորի միակ բժշկուհի Լուսինե Սարգսյանն այստեղ է տեղափոխվել 2001թ. Սպիտակից: Լուսինեն ամենևին չի բողոքում ո՛չ իր աշխատանքից, ո՛չ կացությունից: Operativ.am-ի թղթակիցը լինելով Իշխանաձոր գյուղում զրուցել է բժշկուհու հետ, ով իր առօրյան չի պատկերացնում առանց իր հիվանդների և Քաշաթաղի:
Զրույցի ընթացքում Լուսինեն նշեց, որ սպասարկում է շրջանի 33 գյուղ և իր աշխատավարձի ներդրմամբ կարողանում է սեփական մեքենայով հասնել գյուղից գյուղ:
«Այստեղ միայն արտաքին վիրահատություններ եմ իրականացնում, ծնունդ եմ ընդունում, նաև ատամնաբույժ եմ : Աստված օրհնել է իմ աշխատանքը, որևէ սարքավորում չունեմ, ունեմ 10 մատ և օգնելու կամք»,- իր խոսքում ընդգծեց Լուսինեն:
Բժշկուհին նաև նշեց, որ շրջանի վարչակազմի ղեկավարն աջակցում է մարդկանց իր ուժերի ներածին չափով: «Յուրաքանչյուր բժշկական ծառայություն այստեղ անվճար է: Մեր պետությունը շատ է մատուցում, բայց մենք մեղավոր ենք մեր դաստիարակության համար, քանի որ միշտ բողոքում ենք»:
Թղթակցի այն հարցին, թե ինչպես են կարողանում գյուղերում սոցիալական ոչ բարենպաստ պայմաններում բազմազավակ ընտանիքներն ապրել Լուսինեն նշեց, որ այստեղ հղիները շատ վճարներ են ստանում:Բայց բազմանում են այն ընտանիքները, որտեղ որակ չկա, ծննդաբերելը բիզնես է դարձել, բայց ցավոք, այդ ընտանիքներում լինում է շատ մահացու դեպքեր:
Լուսինեն նշեց, որ ամեն կերպ փորձում է օգնել իր հիվանդներին, նույնիսկ այն ժամանակ երբ հղիության 9-րդ ամսում էր: «Երկու հիվանդ ունեի, որոնց տարել էի հիվանդանոց, ճանապարհին հետ վերադառնալուց մենակ էի, երբ սկսվեց ծննդաբերության ցավերս և աղջկաս ունեցա մենակ և միայն 2 ժամ հետո կտրեցին փոքրիկիս պորտալարը»,- պատմում է Լուսինեն և նաև հավելում, որ և՛ ինքը, և՛ բոլոր վերաբնակները սահամանապահ են և թուրքը գիտի, որ մենք ազատագրած հողն ենք շենացնում: