Ինչու քննչական կոմիտեն դատախազությանը չի տրամադրում Սուրիկ Խաչատրյանի որդու մասնակցությամբ ծեծի գործի նյութերը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը երեկվա դրությամբ դեռ չէր ստացել Սուրիկ Խաչատրյանի որդու` Տիգրան Խաչատրյանի մասնակցությամբ ծեծի գործի նյութերը: Ինչպես հայտնի է՝ նա մայիսի 21-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, որ ինքը ՀՀ քննչական կոմիտեից կպահանջի և մինչև մայիսի 25-ը կստանա Սուրիկ Խաչատրյանի որդու` Տիգրան Խաչատրյանի մասնակցությամբ ծեծի գործը և դրանից հետո նոր միայն կկարողանա գնահատականներ տալ:
Երեկ «Ժողովուրդը» ՀՀ գլխավոր դատախազության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից պարզեց, որ դեռևս մայիսի 22-ին քրեական գործը հսկող դատախազը պահանջել է նյութերը: Սակայն նրան ՀՀ քննչական կոմիտեից պատասխանել են, որ գործն առայժմ չեն կարող տրամադրել: ՔԿ-ից իրենց մոտեցումը հետևյալ կերպ մեկնաբանեցին.
«Քրեական գործով ձեռնարկվում են ակտիվ քննչական և դատավարական գործողություններ, հարցաքննվում են տարբեր անձինք, որոնք կարող են գործի հանգամանքների բազմակողմանի և լրիվ քննությունն ապահովելու նպատակով էական ցուցմունքներ տալ:
Ծանուցագրեր են ուղարկվել շուրջ երկու տասնյակ անձի՝ վարույթն իրականացնող մարմնին ներակայանալու համար: Քննության ակտիվ փուլում քննչական գործողությունների ընդհատումը վարույթն իրականացնող մարմնի կարծիքով նպատակահարմար չէ: Քրեական գործի նյութերը կուղարկվեն անհրաժեշտ քննչական գործողությունները կատարելուց հետո»:
Առավել մանրամասն՝ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում: