Տիգրան Ուրիխանյանը դժգոհ է ֆուրշետների ճոխությունից
Այսօր՝ մայիսի 26-ին, ԱԺ-ում շարունակվում է 2014թ-ի բյուջեի կատարողականի քննարկումները: ՀՀ կառավարության գործունեությունը փորձեց ամփոփել Դավիթ Հարությունյանը: Այնուհետև հարցով ելույթ ունեցավ ԲՀԿ խմբակցության պատագամավոր Տիգրան Ուրիխանյանը, ըստ որի՝ Կառավարությունը չպե՞տք է սկսի աշխատել արտակարգ տնտեսման ռեժիմով.
«Չպետք է մոռանալ, որ ՀՀ-ում կա մեկ միլիոն աղքատ: Չարթերներ, նույն ավտոմեքենաներ, ֆուրշետներ, ճաշեր, ընթրիքներ. մի՞թե հնարավոր չէր տնտեսել»,- ասաց Տիգրան Ուրիխանյանը:
Ի պատասխան պատգամավորի հարցին, Դավիթ Հարությունյանն ասաց, որ 2014 թվականին Կառավարությունը որևէ մեքենա չի գնել և աշխատել է տնտեսման ռեժիմով:
«Բայց կոնկրետ արարողակարգային միջոցառումների հետ կապված, կարծում եմ, խնայել պետք չէ: Մենք կարող ենք ամեն հարցում տնտեսել, բայց չեմ կարծում, որ դա կարող է լավագույն արդյունքի բերել: Պետք է տնտեսել խորը մտածված: Իհարկե անհրաժեշտ են տնտեսումներ: Արտասահմանյան գործուղումների գծով ծախսերը կատարվել են 79 տոկոսով, որը ևս տնտեսումների արդյունք է»,- ասաց նախարարը: