Գազի Հովոյին հասկացրել են, որ եթե ընտրվի էլ, միևնույն է՝ թույլ չեն տա կառավարել
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեկ հայտնի դարձավ, որ Արտաշատի քաղաքապետի թեկնածու առաջադրված Հովհաննես Ղազարյանը, նույն ինքը՝ Գազի Հովոն, պատրաստվում է ինքնաբացարկ ներկայացնել և դուրս գալ ընտրապայքարից: Ինչպես հայտնի է՝ Արտաշատի քաղաքապետի մյուս թեկնածուն ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդին է՝ Արգամ Աբրահամյանը:
Այսպիսով վարչապետի որդին մնում է միակ թեկնածու, և նրա՝ Արտաշատի քաղաքապետ դառնալն այլևս տեխնիկայի հարց է: «Ժողովուրդի» հետ զրույցում Հովհաննես Ղազարյանն իր որոշման պատճառների մասին խոսելիս բավական ուշագրավ խոստովանություն է արել: Նա ասել է, որ Արգամ Աբրահամյանն ավելի լավ կկառավարի, քանի որ.
«Եթե ես քաղաքին վերաբերող հարցեր ներկայացնեմ, որոնք պետք է լուծվեն, ապա դրանցից կարող է մեկ-երկուսը լուծվի, մյուսները` ոչ: Իսկ նրա դեպքում բոլոր հարցերն էլ կլուծվեն»:
Այսինքն՝ Գազի Հովոյին հասկացրել են, որ եթե ընտրվի էլ, միևնույն է՝ թույլ չեն տա կառավարել, և այդ դեպքում ինքը կարժանանար արտաշատցիների ատելությանը: Ուստի նա որոշել է նահանջել»:
Առավել մանրամասն՝ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում: