Նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը հրաժարվում է հայտարարագրել իր ունեցվածքի մի մասը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի ֆինանսական գործերը, կարծես թե, այնքան էլ վատ չեն: Նախկին ոստիկանապետը, ըստ իր՝ 2014 թվականի հայտարարագրի, անցած տարի 71 մլն 736 հազար դրամ արժողությամբ բնակարան է գնել: Իսկ նրա դրամական միջոցները տարեվերջին եղել են 130 մլն դրամ և 54 հազար 416 դոլար:
Խորհրդականի եկամուտները, մասնավորապես վերադարձրած փոխառությունները, կամ այլ կերպ ասած՝ պարտքով տրված վերադարձված գումարները, կազմել են 59 մլն 780 հազար դրամ:
Բացի այդ՝ նա նաև աշխատավարձ է ստացել՝ Սերժ Սարգսյանին խորհուրդներ տալու համար, տարեկան այդ գումարը կազմել է 5 մլն 756 հազար դրամ:
Բացի այս՝ Ալիկ Սարգսյանը հայտարարագրել է 25 մլն 847 հազար դրամի եկամուտ, որի բնույթն ու աղբյուրը չի հրապարակվում:
Հիշեցնենք, որ այս տարվա փետրվարին լուրեր տարածվեցին այն մասին, որ Ալիկ Սարգսյանը ցանկանում է վաճառել Ծաղկաձորում իր շքեղ առանձնատունը»:
Առավել մանրամասն՝ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում: